Uncategorized

Ջորջ Սորոսը Չինաստանի մասին. Հուվեր ինստիտուտում ներկայացված դիտարկումներ

  • 31 Հունվարի, 2022
2022 թվականի հունվարի 31-ին Հուվեր ինստիտուտում կայացած  «Չինաստանը Ձմեռային օլիմպիական խաղերի նախօրեին. դժվար ընտրություններ աշխարհի ժողովրդավար երկրների համար» պանելային քննարկման ժամանակ ներկայացվեցին հետևյալ դիտարկումները: 2022 թվականը բեկումնային տարի է լինելու աշխարհի պատմության մեջ: Ընդամենը մի քանի օրից Չինաստանը՝ աշխարհի ամենահզոր ավտորիտար պետությունը, կհյուրընկալի Ձմեռային օլիմպիական խաղերը, և, ինչպես  Գերմանիան 1936 թվականին, Չինաստանը կփորձի օգտագործել այս լայնածավալ միջոցառումը՝ ապահովելու իր խիստ վերահսկողական համակարգի քարոզչական հաղթանակը: Մենք կանգնած ենք կարևոր որոշումների շեմին,  որոնք կկանխորոշեն այն ուղղությունը, որով գնում է ամբողջ աշխարհը: Գերմանիայում ընտրություններն արդեն կայացել են, Ֆրանսիայում ընտրությունները տեղի կունենան 2022 թվականի ապրիլին։ Այդ նույն ամսին Հունգարիայի ընտրողները,  ի հեճուկս բոլոր սպասումների, կարող են իշխանությունից զրկել իրենց ավտորիտար ղեկավարին: Ուկրաինա ներխուժելու Պուտինի հնարավոր որոշման հետ միասին, այս զարգացումները կօգնեն կանխորոշել Եվրոպայի հետագա ճակատագիրը։ Հոկտեմբերին Չինաստանում կայանալիք կուսակցության 20-րդ համագումարը կորոշի, թե արդյոք Սի Ցզինպինը երրորդ ժամկետով կմնա կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այնուհետև, նոյեմբերին ԱՄՆ-ում կանցկացվեն վճռորոշ միջանկյալ ընտրություններ: Կլիմայի փոփոխությունն աշխարհի համար կմնա առաջնահերթ ռազմավարական խնդիր, սակայն ներկայիս գերիշխող աշխարհաքաղաքական առանձնահատկությունը՝ դա միմյանց խիստ հակասող կառավարման երկու համակարգերի միջև սրվող հակամարտությունն է: Այդ կապակցությամբ, թույլ տվեք հնարավորինս պարզ լեզվով բացատրել, թե ինչում է կայանում այդ տարբերությունը: Բաց հասարակությունում, պետությունը պարտավոր է պաշտպանել անհատի ազատությունը, մինչդեռ փակ հասարակությունում անհատը պետք է ծառայի միակուսակցական պետության ղեկավարներին: Լինելով Բաց հասարակություն հիմնադրամների հիմնադիր՝ ակնհայտ է, որ ես բաց հասարակության կողմնակից եմ: Սակայն հիմա ամենակարևոր հարցն այն է, թե ո՞ր համակարգն է հաղթելու։ Յուրաքանչյուրն ունի իր ուժեղ և թույլ կողմերը: Բաց հասարակություններում խրախուսվում է    ստեղծագործ և նորարարական ներուժի բացահայտումը, իսկ փակ հասարակություններում իշխանությունը պատկանում է միակուսակցական կառավարման համակարգով պետությանը։ Դրանք առավելություններն են: Թույլ կողմերն ավելի շատ վերաբերում են տեղական և տարածաշրջանային պայմաններին: Օրինակ՝ Եվրամիության և նրա անդամ երկրների հարաբերությունները դեռևս ամբողջությամբ ձևավորված չեն:  ԵՄ-ն պետք է պաշտպանի Թայվանը ճանաչած Լիտվային Չինաստանի ոչ պաշտոնական շրջափակումից, բայց արդյո՞ք ԵՄ-ն դա կանի: Ռազմական ագրեսիայի եզրին կանգնած աշխարհում, թե՛ Ուկրաինայում և թե՛ Թայվանում,  բաց հասարակությունների հաղթանակը ինքնին չի տրվում: Նախագահ Բայդենը ընդհանուր առմամբ ճիշտ քաղաքականություն է որդեգրել։ Նա Պուտինին ասել է, որ Ռուսաստանը շատ թանկ գին կվճարի, եթե  հարձակվի Ուկրաինայի վրա, բայց ԱՄՆ-ը չի գնա պատերազմի Ուկրաինան պաշտպանելու համար։ Եթե ​​Պուտինը հարձակվի Ուկրաինայի վրա, ապա նրա համար ամենամեծ պատիժը կլինի անդրատլանտյան համագործակցության ուժեղացումը։ Բայդենը չի գնա միակողմանի զիջումների, բայց նա շահագրգռված է հակամարտությանը խաղաղ լուծում տալու մեջ: Ընտրությունը Պուտինինն է: Միևնույն ժամանակ, Բայդենը Սի Ցզինպինին հասկացրել է, որ, եթե նա ուժ կիրառի Թայվանի նկատմամբ, Չինաստանը ստիպված կլինի դիմակայել ոչ միայն ԱՄՆ-ին, այլև ավելի մեծ դաշինքին, որը կազմված է AUKUS-ից (Ավստրալիա, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ) և  QUAD-ից, (ԱՄՆ, Ճապոնիա, Ավստրալիա և Հնդկաստան), ինչպես նաև մի շարք այլ հավանական դաշնակիցներից, ինչպիսիք են Հարավային Կորեան և Ֆիլիպինները, որոնք դեռևս չեն ստանձնել համատեղ գործողություններ իրականացնելու պարտականությունը: Բոլոր երկրներից Ճապոնիան ամենածավալուն պարտավորությունն է ստանձնել Թայվանի պաշտպանության հարցում: Մյուս կողմից, Սի Ցզինպինը հայտարարել է, որ վճռական է անհրաժեշտության դեպքում ուժով հաստատել Չինաստանի ինքնիշխանությունը Թայվանի նկատմամբ։ Նա հսկայական միջոցներ է հատկացնում սպառազինությանը։ Վերջերս նա զարմացրեց աշխարհին՝ ցուցադրելով իր հիպերձայնային կառավարվող հրթիռը։ ԱՄՆ-ը նմանատիպ ոչինչ չունի և մտադիր չէ մրցակցել Չինաստանի հետ: Կարծում եմ, որ դա ճիշտ քաղաքականություն է, քանի որ Սի Ցզինպինի գերձայնային ձեռքբերումը չի փոխում փոխադարձ երաշխավորված ոչնչացման հավասարակշռությունը, որը կկանգնեցնի թշնամիներին հարձակվել միմյանց վրա: Հրթիռը պարզապես քարոզչական հաղթանակ է։ Այս ամենի հետ մեկտեղ մեծացել է ԱՄՆ-ի և նրա թշնամիների միջև պատերազմի հավանականությունը, և սա մտորումների համար ամենահաճելի թեման չէ։ Վերջերս ես ինքս ինձ հարց տվեցի, թե ինչպե՞ս է ստեղծվել այս իրավիճակը։ Երբ ես սկսեցի զբաղվել այն բանով, ինչն անվանում եմ իմ քաղաքական բարեգործությունը 1980-ականներին, ամերիկյան գերակայությունը հարցականի տակ չէր: Դա այլեւս այդպես չէ։ Ինչո՞ւ։ Պատասխանի մի մասը կարելի է գտնել տեխնոլոգիական առաջընթացի մեջ, որի մեծ մասը հիմնված է արհեստական բանականության (AI) վրա, որը 1980-ականներին իր զարգացման սկզբնական փուլում էր: Արհեստական բանականության, սոցիալական մեդիայի և տեխնոլոգիական հարթակների զարգացումը տեղի ունեցավ միասին: Արդյունքում ստեղծվել են շատ եկամտաբեր ընկերություններ, որոնք այնքան են հզորացել, որ ոչ ոք չի կարող մրցել նրանց հետ, բայց նրանք կարող են մրցել միմյանց հետ։ Այս ընկերությունները զբաղեցնում են համաշխարհային տնտեսության գերիշխող դիրք: Նրանք բազմազգ են, և նրանց հասանելիությունը տարածվում է աշխարհի բոլոր անկյուններում: Դրանք մեզ բոլորիս լավ հայտնի են՝ «Facebook», «Google», «Apple» և «Amazon»: Նմանատիպ խոշոր կազմակերպսություններ  կան նաև Չինաստանում, սակայն դրանք այդքան էլ հայտնի չեն  Արևմուտքում։ Այս զարգացումը քաղաքական լուրջ հետևանքներ է ունեցել։ Այն սրել է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը և դրան բոլորովին նոր բնույթ է հաղորդել: Չինաստանն իր տեխնոլոգիական հարթակները վերածել է ազգային առաջնորդ կազմակերպությունների, մինչդեռ ԱՄՆ-ն  չի շտապում  դա անել, քանի որ այնտեղ մարդիկ մտահոգված են, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ այս կազմակերպություններն անձի ազատության վրա: Այս տարբեր մոտեցումները նոր լույս են սփռում ԱՄՆ-ը և Չինաստանը ներկայացնող կառավարման երկու համակարգերի միջև առկա հակամարտության վրա: Տեսականորեն արհեստական բանականությունը բարոյապես և էթիկապես չեզոք է.